Բաժիններ՝

«Ավետիս» լարային քառյակը երաժշտասերներին կներկայանա համերգային ծրագրով

«Ավետիս» լարային քառյակը, որը մի քանի տարի գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով:

«Ավետիս» (բարի լուր) անվանումն ընտրել են խմբի երաժիշտները:

Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, որը լավագույնս կներկայացնի վերոնշյալ ժանրի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ներկայումս շատ քիչ են հնչում հայաստանյան բեմահարթակներում։

Քառյակում ընդգրկված երաժիշտներից երեքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ են. Կարմեն Թոսունյանը ՀԱՖՆ նվագախմբի կոնցերտմայստեր է, Հայկ Տեր-Հովհաննիսյանը՝ ՀԱՖՆ ալտերի խմբի կոնցերտմայստեր, Միքայել Նավասարդյանը՝ թավջութակների խմբի երաժիշտ: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հարուստ կենսագրությունն ու բեղուն համերգային գործունեությունը նպաստում են լարային քառյակի ակտիվ մասնակցությանը միջազգային փառատոններին և ելույթներին հեղինակավոր երաժշտական հարթակներում:

Նախորդ տարվա ընթացքում համերգային ծրագրերով ներկայանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ քառյակն արժանացել է անվանի երաժիշտների և երաժշտաքննադատների բարձր գնահատանքին՝ ստանալով նոր համագործակցության հրավերներ:

Մայիսին «Ավետիս» լարային քառյակը կմասնակցի Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա «Trame Sonore» հեղինակավոր փառատոնին՝ ներկայացնելով նաև Էդվարդ Միրզոյանի լարային քառյակը: Քառյակը մեծ ուշադրություն է հատկացնում նաև կրթական ծրագրերին՝ ընդգրկելով հանդիսատեսի թվում դպրոցականներին: Մարտի վերջին նախատեսվում է այդպիսի ծրագրերից մեկն իրականացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Քառյակը գործունեություն է ծավալում նաև Հայաստանի մարզերում՝ կարևորելով մարզային ծրագրերի նշանակությունը, մարզերում մշակութային գործընկերության զարգացումը:

Ապրիլի 24-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում քառյակը հանդես կգա Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս