Կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա՝ Նիկոլայ Ռիժկովի hոգեհանգստին ու հուղարկավորությանը մասնակցելու
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստանից Ռուսաստան պատվիրակություն գործուղելու մասին։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Գնել Սանոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.
3) Արամ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին.
4) Մուշեղ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Վահե Ղալումյանի, Դավիթ Առուշանյանի, Շիրակ Թորոսյանի և Միքայել Թումասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված արարողակարգային հարցերը»,- նշված է որոշման մեջ: