
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ռազմավարական կայունության շուրջ

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ», – ասել է նախագահը։
Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Մոսկվան մերժում է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ կտրված Ռուսաստանի ազգային անվտանգության հարցերից։
«Մեր դիրքորոշումը պարզ է: Եթե ցանկանում եք քննարկել ամբողջ մոլորակի համար անվտանգության և կայունության կարևոր, պատասխանատու հարցեր, ապա դա անհրաժեշտ է անել միայն միասնական համալիրում: Բնականաբար, ներառյալ այն բոլոր ասպեկտները, որոնք շոշափում են մեր ազգային շահերը և ուղղակիորեն ազդում մեր երկրի անվտանգության, Ռուսաստանի անվտանգության վրա», – ընդգծել է Պուտինը։
Իր ուղերձում Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ երկրի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիակատար պատրաստության վիճակում:
«Ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են՝ երաշխավորված օգտագործման համար», – ասել է նա։
Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլոր շահագրգիռ երկրների և միավորումների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ ստեղծելու համար։
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որ արդեն տեսանելի ապագայում Եվրասիայում ստեղծվի հավասար և անբաժանելի անվտանգության նոր ուրվագիծ։ Մենք պատրաստ ենք այս թեմայով առարկայական զրույցի բոլոր շահագրգիռ երկրների և միավորումների հետ», – ասել է ՌԴ նախագահը։