Ամեն ինչ պետք է անել` երկրի պատիվը բարձր պահելու համար. մարմնամարզիկներն ամփոփեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլերը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքները:
«Իսկապես, դժվար է անընդհատ ոսկե մեդալ նվաճել, քանի որ դրա համար անդադար լավ մարզավիճակում պետք է լինես: Ես տևական ժամանակ բուժվում էի վնասվածքից: Այս հավաքի ժամանակ միայն մի քիչ ուշ հաջողվեց մարզավիճակս կարգի բերել: Բայց հաղթանակը հեշտ չի տրվում, ամեն ինչ պետք է անես` երկրի պատիվը բարձր պահելու համար: Այստեղ բարդությունը նրանում է, որ դու կարողանաս ինքդ քեզ հաղթես: Այժմ վնասվածքներ չունեմ, աշխարհի առաջնությունից հետո ամբողջապես վերականգնվել եմ: Բայց սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է »,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Դավթյանը:
Վերջինիս համար աշխարհի գավաթի խաղարկության փուլերում հիմնական մրցակիցն Ուկրաինան ներկայացնող մարզիկն էր:
Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթների խաղարկության արծաթե և բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանի խոսքով` թե՛ Եգիպտոսում, թե՛ Գերմանիայում ինքը փորձել է առավելագույնս լավ մասնակցություն ունենալ մրցաշարին:
«Կարևորն այն է, որ աշխարհ գավաթի խաղարկության երկու փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրեցինք: Կարող էի առավել բարձր հորիզոնականներ զբաղեցնել, բայց միավորների ցածր տարբերությամբ մրցակցային տեղերն այլ կերպ բաշխվեցին»,-ասաց նա:
Անդրադառնալով Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր ուղեգրին` Վահագն Դավթյանը շեշտեց, որ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին լավ է նախապատրաստվելու ու ձգտելու է առավելագույնին: