Աշխարհի գավաթի խաղարկությունն աշխարհի առաջնության բարդություն ուներ. Հակոբ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա առաջին երկու փուլերն իրենց բարդությամբ համեմատում է աշխարհի առաջնությունների հետ:
«Աշխարհի գավաթի այս փուլերը տարբերվում էին մյուս բոլորից: Այն շատ բարդ էր, քանի որ վարկանիշային էր: Եթե նախորդ տարիներին սովորաբար մասնակցում էին մոտ 35 երկրից, ապա այստեղ մասնակցում էին մոտ 75 երկրի ներկայացուցիչ: Մենք, ի սկզբանե, գնում էինք պայքարելու վարկանիշի համար: Հիմա, սակայն, անորոշ վիճակում ենք, քանի որ Վահագն Դավթյանը մոտ 70 տոկոսով կարող է նվաճել օլիմպիական ուղեգիրը: Իսկ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա նա աշխարհին նույն տվեց, որ Օլիմպիական խաղերի մեդալի ամենալավ հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ` գոհ եմ, բոլորն ամեն ինչ արեցին լավ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի քվոտա կստանան 4 փուլից 3 լավագույն արդյունք ունեցողները: Հայաստանի հավաքականը չի մասնակցի մարտին Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի երրորդ փուլին, կմասնակցի միայն Դոհայում` ապրիլին կայանալիք 4-րդ փուլին:
Հակոբ Սերոբյանն առանձնացրեց, որ ապրիլին կայանալիք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններում այլ պատրաստվածություն է լինելու: Երիտասարդները ձգտելու են դրական արդյունքի հասնել թիմային պայքարում: Իսկ մեծահասակների շարքում հիմնական թիմին կմիանա նաև Էրիկ Բաղդասարյանը, ով նոր է երիտասարդների տարիքային խմբից անցնում մեծահասակների թիմ:
«Մենք շատ լուրջ ենք նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը, հատկապես, որ այն մեզ համար կարևոր է երիտասարդների պայքարի առումով: Այս երիտասարդները կլինեն մեծերի շարքում, երբ 2027 թվականին Եվրոպայի առաջնությունը կլինի Երևանում: Մենք աստիճանաբար բարձրացնում ենք նշաձողը: Մարմնամարզությունում միայն գերհզոր երկրներն են պայքարում թիմային մեդալների համար: Երիտասարդների թիմային պայքարում կերևա, թե ապագայի համար մենք ինչ ունենք»,-շեշտեց նա:
Սերոբյանը հույս հայտնեց, որ վերջապես մարմնամարզիկները կունենան այն խոստացված միջազգային նորմերին համապատասխան դահլիճը, քանի որ առկա պայմաններում դժվար է կայուն դրական արդյունք գրանցել:
Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրի նախագիծն արդեն պատրաստ է: Սակայն, ըստ Սերոբյանի, մարզահամալիրի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ուշանում են:
«Մեզ համար անհասկանալի է նաև այն, որ վերջերս մարզաձևերի ֆեդերացիաների հետ օրենքի փոփոխության արդյունքում թիմերը ուսումնամարզական 4 հավաքներից մեկը պետք է անցկացնեն դրսում: Եթե մենք չունենք համապատասխան դահլիճ, ինչպե՞ս պետք է մարզվենք: Այդ փոփոխությամբ պետք է մասնակցենք երկու միջազգային մրցաշարի, որի մեջ մտնում են աշխարհի գավաթները: Իսկ մարմնամարզությունում դրանք չորսն են: Մեր դեպքում աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշով ենք մասնակցում աշխարհի առաջնություններին: Մեզ համար այս կետերն անհասկանալի են: Մեզ պարզապես պարզաբանում է պետք»,-ասաց Սերոբյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն աշխարհի գավաթի խաղարկությունում մարմնամարզիկների մասնակցությունից գոհ է:
«Նրանք արեցին այն, ինչ կարող են: Գոհ եմ Արթուր Ավետիսյանից, ով վնասվածքով էր հանդես գալիս: Աշխարհի այս գավաթի խաղարկության մրցակցությունն աշխարհի առաջնության մակարդակի էր: Օրինակ` Օլիմպիական խաղերի չեմպիոնը դուրս չեկավ հենացատկի եզրափակիչ: Մեր տղաներին նման արդյունքի հասնել օգնեց թիմային աշխատանքը` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ»,-ասաց նա: