Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։
Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում և ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։
Զեկույցում կոչ է արվում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանն (ԵԱԳԾ) աջակցել երկու կողմերին պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կոչ է անում կողմերին եւ միջազգային հանրությանը, զգոն մնալ և մերժել դրսից եկող ցանկացած փորձ և սադրանք, որն ուղղված է երկու երկրներին թույլ չտալու հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։
Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են փխրուն, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է աջակցի և խրախուսի երկու կողմերին այս նպատակին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ առաջարկելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման հեռանկար, եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով։ Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում՝ նվազեցնելով բնակչության համար ռիսկերի մակարդակը։
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Կոչ է արվում ԵԱԳԾ-ին պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքի (European Peace Facility-EPF) միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունը անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում:
Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով խնդրում է ԵԱԳԾ-ին, որպեսզի վերջինը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեին գաղտնի ռեժիմով տրամադրի տեղում իրավիճակի մասին առաքելության զեկույցները։