Արևմուտքն ուզում է կրկնել 80-ականների հնարքը. Պուտինը՝ միջուկային և նոր զենքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը երաշխավորված կիրառման լիարժեք պատրաստության վիճակում են գտնվում։

«Այն, ինչ մենք պլանավորել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականի ուղերձում, ամեն ինչ արված է, կամ այդ աշխատանքը ավարտվում է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե մերկապարանոց մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, թե Մոսկվան իբր պատրաստվում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, դրանք տեղեկատվական խայծեր են։

Պուտինի խոսքով` դրանք պետք են, որպեսզի Ռուսաստանին ներքաշեն ԱՄՆ-ին ձեռնտու բանակցությունների մեջ։

Նա կարծում է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, կրկնել հնարքը, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում 1980-ականներին, սակայն Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել Եվրոպայի վրա։

«Արևմուտքը հակամարտություն է հրահրել Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, աշխարհի այլ տարածաշրջաններում։ Ու շարունակում է ստել: Հիմա ահա առանց ամաչելու հայտարարում են, թե իբր Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։ Դե, մենք հասկանում ենք, որ դա պարզապես անհեթեթություն է»,- ասել Է Պուտինը։

Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ագրեսիա սանձազերծողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան նախորդ դարաշրջաններում: Ռուսաստան նոր ներխուժման փորձերը սպառնում են լայնածավալ հակամարտությամբ` միջուկային զենքի կիրառմամբ։

Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանում նոր սպառազինությունների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և խոստացել, որ շուտով դրանց մասին կլսեն։

«Մարտում արդեն կիրառվել է ծովային բազայի «Ցիրկոն» հարվածային գերձայնային համալիրը, այդ համակարգն արդեն գործում է… Զինուժն արդեն ստացել է «Սարմատ» համալիրը, շուտով կցուցադրենք այն», – ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ բանակում խնդիրներ կան, բայց կա նաև ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք։

«Մենք տեսնում ենք, թե որտեղ և ինչ խնդիրներ ունենք։ Հասկանում ենք, թե ինչ է պետք անել։ Եվ նման աշխատանքն անընդհատ տարվում է և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում», – ասել է Պուտինը։

Այդ աշխատանքն ուղղված է բանակի և նավատորմի հարվածային հզորության, դրանց արդյունավետության բարձրացմանը։

Տեսանյութեր

Լրահոս