Ուկրաինային օգնություն չտրամադրելու հետևանքները սարսափելի են. Բայդենը դիմել է հանրապետական օրենսդիրներին

Դեմոկրատները չեն դադարում ջանքերը՝ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթի քվեարկությանը հասնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ Սենատի կողմից հաստատված 95 միլիարդ դոլար արժողությամբ արտաքին օգնության փաթեթը շարունակում է մնալ որպես նախագիծ, քանի դեռ այն չի ստացել Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան հավանությունը։ Կոնգրեսի առաջնորդները երեքշաբթի հանդիպել են նախագահ Ջո Բայդենին՝ քննարկելու հնարավոր ելքերը:

Ուկրաինայում շարունակվող արյունալի պատերազմի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է ամերիկացի օերնսդիրներին․ «[Միացյալ Նահանգների] անգործության հետևանքները ամեն օր Ուկրաինայում նոր սարսափներ են ծնում»։

Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն կրկնում է՝ չի պատրաստվում Կոնգրեսի ստորին պալատի քննարկմանը ներկայացնել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին ու այլ պետություններին 95 միլիարդ դոլար աջակցություն նախատեսող փաթեթը։ Ջոնսոնը պնդում է՝ նախևառաջ հարկ է արձագանքել ամերիկա-մեքսիկական սահմանին ստեղծված իրավիճակին։

«Երկրի առաջնահերթությունը [պետք է լինի] մեր սահմանն ու դրա անվտանգության ապահովումը: Հավատում եմ, որ նախագահը կարող է հենց հիմա կարգադրել գործադիր իշխանությանը՝ նման մոտեցում ցուցաբերել»,- ասել է Ջոնսոնը:

ԱՄՆ երկու կուսակցությունների միջև ներգաղթի խնդրի շուրջ ամիսներ տևած բանակցություններն, ի վերջո, անհաջողության մատնվեցին, որի դիմաց հանրապետականները խոստանում էին կողմ քվեարկել Ուկրաինայի համար նախատեսված օգնությանը։ Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերն կոչ է արել հանրապետականներին մտորել, թե ինչ հետք կթողնի պատմության վրա իրենց նման կեցվածքը։

«Եթե ճիշտ քայլ չանեք, կզղջաք»,- ասել է Շումերը:

Ինչևէ, Կոնգրեսի հանրապետականները շարունակում են կասկած հայտնել, թե Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ օգնությունը կարող է ցանկալի ազդեցություն ունենալ։

«Իրականությունը, որին պետք է առերեսվենք, հետևյալն է՝ [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը չի պարտվի այս պատերազմում»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը։

Սակայն դեմոկրատները կարող են, օգտագործելով ընթացակարգային հնարավորությունը և շրջանցելով հանրապետականներին, արտաքին օգնության վերաբերյալ օրինագիծը քվեարկության դնել Ներկայացուցիչների տանը:

Դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինի խոսքով, քայլը կարող է հաջողել:

«[Այդ] միջնորդությունը պետք է ունենա Կոնգրեսի անդամների մեծամասնության աջակցությունը, որոնք կասեն․ «Դուրս բերեք այդ օրինագիծը հանձնաժողովից և ներկայացրեք [Ներկայացուցիչների տան] քվեարկությանը»,- ասում է Ռասկինը:

Ներկայացուցիչների տան անդամները արձակուրդից վերադառնալու են չորեքշաբթի և անմիջապես պետք է անցնեն ԱՄՆ տարեկան պետբյուջեի հաստատմանը, քանզի կառավարության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետները ավարտվում են այս մարտի 1-ին ու 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս