Բաժիններ՝

ԵՄ երկրները 7 տարվա ընթացքում ռեկորդային թվով ապաստանի հայցման դիմումներ են ստացել

Եվրոպական հանրակցության երկրներում միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդությունների թիվը 2023 թվականին հասել է վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային թվի՝ 1,14 միլիոնի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Եվրամիության ապաստանի հարցերով գործակալության (EUAA) պատրաստած զեկույցում։

«2023 թվականին ԵՄ+ երկրները 1,14 մլն միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդություն են ստացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին յոթ տարվա ընթացքում»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ դա 18 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։

Զեկույցի համաձայն, ԵՄ + երկրներից, որոնց թվում են, բացի Եվրամիության երկրներից, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան, ամենաշատ հայտերը ստացել է Գերմանիան (334 հազար կամ մեկ խնդրագիր երկրի 252 բնակչի հաշվով), սակայն ամենամեծ բեռը կրել է Կիպրոսը, որտեղ գրանցվել է մեկ խնդրագիր տեղի 78 բնակչի հաշվով:

Գերմանիայից հետո ամենաշատ դիմումները ներկայացվել են Ֆրանսիայում (167 հազար), Իսպանիայում (162 հազար) և Իտալիայում (136 հազար): Ընդհանուր առմամբ, բոլոր միջնորդությունների ավելի քան երկու երրորդը ներկայացվել է այս չորս երկրներում:

2023 թվականին դիմումատուների խոշորագույն խումբը սիրիացիներն են (181 հազար), որոնց հաջորդում են Աֆղանստանից արտագաղթածները (114 հազար):

Թուրքիայի քաղաքացիներից ստացվող խնդրագրերի թվի սրընթաց աճ է նկատվում (նախորդ տարվա համեմատ՝ 82 տոկոսով ավելի)։

Բոլոր դիմումների մոտ մեկ հինգերորդը ներկայացվել է Շենգեն գոտու հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների կողմից, այդ թվում՝ վենեսուելացիների (68 հազար) և կոլումբիացիների (63 հազար):

Մերձավոր Արևելքում սրացման ֆոնին նաև պաղեստինցի դիմումատուների թվի աճ է գրանցվել. 2023 թվականին դիմումների թիվը հասել է գրեթե 11,6 հազարի, ինչը երկու երրորդով ավելի է, քան 2022 թվականին։ Հատկապես կտրուկ աճ է գրանցվել անցած տարվա վերջին։

«Միջնորդությունների թվի աճի բնական հետևանքը առաջին ատյանի որոշմանը սպասող գործերի թվի ավելացումն է (883 000), որը 2023 թվականին աճել է 39%-ով ։ Սակայն դա ամբողջական պատկեր չի տալիս, քանի որ ԵՄ+ երկրները միաժամանակ աշխատում են ավելի քան 4,4 մլն ուկրաինացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ»,-նշել են զեկույցի հեղինակները։

Ընդ որում, դիմումատուներին միջազգային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության ճանաչման տոկոսը նույնպես հասել է վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային 43 տոկոսի։ Հստակեցվում է՝ պարտադիր չէ, որ դա նշանակի փախստականի կարգավիճակի տրամադրում (24 տոկոս), խոսքը կարող է լինել լրացուցիչ պաշտպանության մասին, որի շահառուները որպես փախստական չեն որակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս