Փաշինյանի մեղադրանքները որևէ հիմք չունեն․ Զախարովա
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները՝ ՀՀ-ում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչի մասին, որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման ակնարկ անգամ չի արել»,- այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս մեղադրել էր ՌԴ-ին ՀՀ իշխանությունը փոխելու կոչերի մեջ։
Նա ասաց, որ նման մեղադրանքների դեպքում մշտապես փաստեր, հայտարարություններ են ակնկալում, որ իրենց կտրամադրեն։
«ՌԴ պաշտոնյաները երբեք չեն ակնարկել ընտրված իշխանությունների տապալման մասին: Ի դեպ, մենք նման մոտեցում ունենք Երևանի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին իշխանությունների և իսկապես ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ:
Տրամաբանական հարց է առաջանում. ՀՀ իշխանություններն իրենք հավատարի՞մ են այս տրամաբանությանը՝ ա՞յլ երկրների հետ կապված, թե՞ սեփական ներքաղաքական գործընթացների հետ կապված։
Ըստ իս, լավ կլիներ մտորել այս թեմայի շուրջ, մենք հիշում ենք պատմությունը, որը եղել է մի քանի տարի առաջ։ Եվ կրկնեմ ևս մեկ անգամ՝ արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունները կարո՞ղ են պարծենալ նույնպիսի մոտեցմամբ ՀՀ նախկին ղեկավրության նկատմամբ»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։