«Միջազգային համակարգը փլուզված է». Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել խորհրդրանի միջոցառման սրահում «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի» (KDK) կողմից կազմակերպված «Գազայի հումանտիար աղետը» խորագրով հատուկ զեկույցի ծանոթացման ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ելույթում Քուրթուլմուշը հայտարարել է, որ աշխարհում կայունության և խաղաղության պահպանման նպատակով ստեղծված միջազգային համակարգը փլուզված է:
«Այսպես կոչված միջազգային համակարգը փլուզված է, համակարգը թաղված է զանգվածային գերեզմանում: Ոչ մեկի՝ Միացյալ ազգերի կազմակերպությունից (ՄԱԿ) մինչև աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպություններ, ֆունկցիան չի մնացել»,-հավելել է նա:
Բացի այդ ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է դեմ լինել Իսրայելի ագրեսիվ դրսևորումներին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի:
Քուրթուլմուշը, խոսելով նաև 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների մասին, ասել է.
«Նեթանյահուն (Իսրայելի վարչապետ) և իր թիմն այս ուժգին ճնշումների համար հիմք դնողների հետ միասին պետք է միջազգային հարթակում մեկուսացված քաղաքականություն վարի:
Սրանք որտեղ էլ որ գնան, արդեն միջազգային համակարգի մեջ երբեք և երբեք իրենց հին հեղինակությունը գտնել չեն կարողանալու և մեկուսանալու են: Երեկ պայքարում էին՝ սրանց հետ նույն հրապարակում նկարվելու համար, վաղը ջանալու են սրանց հետ նույն շենքում չգտնվել»:
Նա ապա նաև Իսրայելի ոտնձգությունները չկանխելու համար «Իսլամական համագործակցության կազմակերպության»-ը մեղադրել է անգործության մեջ:
«Մինչ այսչափ սաստիկ ճնշումներ ու մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում՝ որտե՞ղ է «Իսլամական համագործակցության կազմակերպությունը», որտե՞ղ են իսլամական պետությունները: Ինչու՞ չեն ստեղծում մեխանիզմ, որը բավականաչափ և արդյունավետ կերպով կկանխի այս ճնշումները»,-ասել է նա:
Մեջլիսի ղեկավարը Իսրայելի ամենամեծ ուժը որակել է թե՛ իսլամական պետությունների, և թե՛ ճնշված պետությունների անվճռականությունն ու հնարավորությունների չօգտագործումը:
«Այստեղ անպայմանորեն պետք է գործել միասնական»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակումից հետո և մինչ օրս շարունակում է մնալ սրված: