Բաժիններ՝

Վրաստանում վառելիքի թանկացում է կանխատեսվում

Վրաստանում, հավանաբար, վառելիքը 10-15 թեթրիով կթանկանա, aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Business Press News լրատվականին ասել է նավթամթերքի վաճառքով զբաղվող «Սենտա օիլ» ընկերության հիմնադիր Զաալ Իակոբիձեն։

Նրա խոսքով, սա կապված է Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման հետ, ըստ որի՝ մարտի 1-ից 6 ամսով կարգելվի վառելիքի արտահանումը։

Իակոբիձեն ասել է, որ Ռուսաստանը նման որոշում է կայացրել մի քանի ամիս առաջ, ուստի Վրաստանում վառելիք ներկրողներն արդեն փորձ են ձեռք բերել, և ռուսական վառելիքի փոխարինումն ավելի հեշտ կլինի։ Ռուսաստանին փոխարինող երկրների շարքում Իակոբիձեն մատնանշել է Բուլղարիան, Ռումինիան և Թուրքմենստանը։

«Նման որոշում մի անգամ արդեն կայացվել է` մոտ 5 ամիս առաջ, դրանից հետո վրացի ներկրողներն սկսեցին այլ երկրներ փնտրել, ու սկզբունքորեն առանձնապես խնդիր չստեղծվեց։ Նույնը կլինի հիմա և, հավանաբար՝ ավելի հեշտ կլինի, քանի որ մենք արդեն փորձ ունենք»,- ասել է Իակոբիձեն։

Նշենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, այս տարվա հունվարին Վրաստան են ներմուծվել 98 հազար 944 տոննա նավթ և նավթամթերք, ինչը մի քիչ ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Անցած տարվա հունվարին Վրաստան է ներկրվել 99 հազար 487 տոննա արտադրանք։

Վրաստան նավթի և նավթամթերքի ներկրմամբ առաջատար 5 երկրներն են.

  • Ռուսաստան՝ 51 հազար 253,
  • Ռումինիա՝ 13 հազար 796 տոննա,
  • Բուլղարիա՝ միջինը 11 հազար 523 տոննա,
  • Ադրբեջան՝ միջինը 7540 տոննա,
  • Թուրքմենստան՝ միջինը 4605 տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս