«Երևանը ըստ էության հանում է պատասխանատվությունը Ռուսաստանի վրայից, այդ թվում ՀԱՊԿ «գծով», և ձգտում տեղափոխել այն դեպի Արևմուտք». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռևս 2022 թվականի նոյեմբերից, երբ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Վեհաժողովն ու Երևանը չստորագրեց Հայաստանին օգնության փաթեթը, նշել եմ կարծիքս, որ այդ իրավիճակը կողմերին բավարարում է երկուստեք՝ թե ՀԱՊԿ-ին, թե Հայաստանին:

Իրավիճակի տրամաբանությունը, ըստ իս, չի փոխվել առ այսօր, երբ քննարկում ենք «սառեցման» մասին հայտարարությունները:

Ռուսաստանը չունի Կովկասում գործընթացների վրա այն ազդեցությունը, որն ուներ օրինակ 7-8 տարի կամ դրանից առաջ: Եթե չունես գործընթացնների վրա գերակշռող ազդեցության ռեսուրս, պետք է խուսանավես ունեցածդ ռեսուրսի համեմատ անհամարժեք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուց: Առավել ևս, որ իրադարձությունները աշխարհում ծավալվում են դեպի առավել անորոշություն:

Հիմա, Երևանը ըստ էության հանում է պատասխանատվությունը Ռուսաստանի վրայից, այդ թվում ՀԱՊԿ «գծով», և ձգտում տեղափոխել այն դեպի Արևմուտք, որտեղ Ադրբեջանի համար առանցքային գործոնների բանալիներն են, հետևաբար Ադրբեջանի հանդեպ ազդեցության «ծանրության կենտրոնը»:

Սա չափազանց բարդ և բավականին բազմաշերտ մի խաղ է, որը մեզանում տարածված է ներկայացնել պարզունակ՝ սև-սպիտակների կամ չար ու բարիների, դուրս ենք գալիսների-դուրս չենք գալիսների տրամաբանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս