
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին ժամանել է Սաուդյան Արաբիա: Ուկրաինայի նախագահն այս մասին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Նա մտադիր է բանակցություններ վարել թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ։
Ուկրաինայի ղեկավարը պատմել է, որ այցի թիվ մեկ թեման խաղաղության բանաձևն է։ Ուկրաինան Ջիդդայում խորհրդականների մակարդակով հանդիպում է անցկացրել անցյալ տարի նման նախաձեռնության իրականացման վերաբերյալ։
«Այժմ մենք մոտեցել ենք խաղաղության առաջին գագաթնաժողովի անցկացմանը և ակնկալում ենք շարունակել ակտիվ աջակցությունը Սաուդյան Արաբիայից», – ավելացրել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրորդ թեման գերիների և տեղահանված անձանց վերադարձն է։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն արդեն օգնել է ուկրաինացիներին ազատ արձակել։
«Վստահ եմ, որ այս հանդիպումն էլ արդյունք կտա», – նշել է նա:
Զելենսկին նաև նախատեսում է քննարկել տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները և Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը պատերազմի հետևանքներից։