
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Էստոնիան չորս տարի շարունակ Ուկրաինային ռազմական աջակցություն կհատկացնի երկրի համախառն ներքին արդյունքի 0,25 %-ի չափով: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:
«Էստոնիայի կողմից երկարաժամկետ ռազմական աջակցությունն Ուկրաինային առաջիկա չորս տարվա ընթացքում կկազմի մեր ՀՆԱ-ի 0,25 %-ը: Մենք կոչ ենք անում Ուկրաինային աջակցող մյուս բոլոր պետություններին նմանատիպ պարտավորություն ստանձնել», – Ուկրաինային աջակցության հարցով Փարիզում անցկացված հանդիպման ժամանակ նրա խոսքերն է մեջբերում Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Կալասը նաև նշել է, որ Ուկրաինային օգնելու համար անհրաժեշտ է գործել հենց հիմա։
«Մենք չենք կարող իզուր ժամանակ կորցնել, քանի որ Ուկրաինան առաջին հերթին հրատապ օգնության կարիք ունի զենքի հարցում: Հուսով եմ, որ Դանիայի՝ իր ողջ զինամթերքն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ վերջերս կայացրած որոշումը կոգեշնչի մյուսներին: Մենք նաև պետք է նայենք, թե ինչ օգնություն կարելի է ստանալ համաշխարհային շուկայում, ինչպես դա արդեն արել են չեխերը», – առաջարկել է Կալասը:
Նա հայտարարել է, որ Արևմուտքի երկրներն ունեն ռեսուրսներ, տնտեսական հզորություն և գիտելիքներ, և կարող են միասին «օգնել Ուկրաինային հաղթել»։