«Ժողովրդավարությունը ենթադրում է նաև իշխանության փոփոխություն… Կցանկանայինք ավելի ուժեղ ընդդիմություն տեսնել ՀՀ քաղաքական դաշտում». Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո մեկնարկել են բարեփոխումներ, կատարվել են զգալի փոփոխություններ, բայց դեռ կան շատ անելիքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա վստահեցրեց՝ նույնիսկ Գերմանիայի պարագայում ամեն ինչ կատարյալ չէ։ Կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը գիտակցեն, որ իրենք գործում են նոր իրողությունների պայմաններում և բոլորովին նոր կանոններով, որոնք պետք է հարգել։ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերի խոսքով՝ Հայաստանի ուժը ժողովրդավարական ուղու մեջ է։
«Մեր ուշադրության կենտրոնում իրավական հարցերի շուրջ համագործակցությունն է։ Հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների և պետությունների միջև հարաբերություններին ինչպես դեմոկրատական, այնպես էլ ավտորիտար համակարգերում։ Հայաստանյան այցի ընթացքում մեծ հետաքրքրությամբ հետևեցինք բոլոր զարգացումներին, որոնց շնորհիվ Հայաստանը գնում է կայուն ժողովրդավարություն տանող ճանապարհով։ Բազմաթիվ հանդիպումներից ստացանք այն տպավորությունը, որ ՀՀ-ն հաստատակամ է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու գործում՝ նպաստելով պետության ու քաղաքացիների միջև հարաբերությունների իրավաչափության բարձրացմանը»,- ասաց Վինքելմայեր-Բեքերը։
Նրա դիտարկմամբ՝ օրենսդրական բարեփոխումների ճանապարհը, որով գնում է Հայաստանը, գործնականում որդեգրվել է Կառավարության հաստատակամության շնորհիվ, ուստի, իշխանությունը հետայսու ևս պետք է նպաստի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը։
«Ժողովրդավարությունը բնականաբար ենթադրում է օրենքի գերակայություն և գնահատվում է նաև այդ չափանիշով, ուստի այդ համատեքստում անչափ կարևորվում է արդար դատավարությունների պրակտիկան, ամբաստանյալների բոլոր իրավունքների պաշտպանության ապահովումը։ Ժողովրդավարությունը ենթադրում է նաև իշխանության փոփոխություն, որի պաշտոնավարման ժամկետները հարատև չեն, և հենց այդ փոփոխությունն է թույլ տալիս տարբեր քաղաքական ուժերին գտնել ինքնադրսևորման հնարավորություններ։ Կցանկանայինք ավելի ուժեղ ընդդիմություն տեսնել հայաստանյան քաղաքական դաշտում։ Դրական տպավորություն ստացանք նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններից, ինչպես նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բազմաթիվ փոփոխություններից և արդիականացման ու թվայնացման գործընթացներից։ Դրական ենք գնահատում հայկական կողմի ջանքերը՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը, ուստի պատրաստակամ ենք աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին»,- նշեց Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը։
Վինքելմայեր-Բեքերը տեղեկացրեց, որ հայաստանյան այցի շրջանակում գերմանացի պատգամավորների պատվիրակությունը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, ՍԴ նախագահի և անդամների, ՆԳ և արդարադատության նախարարների, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի գործընկերների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստանից կմեկնի Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։
Մանվել Մարգարյան