ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսին
ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեն։
«Համագործակցության անդամ պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները (խմբ․՝ փետրվարի 27-ին Մինսկում կայանալիք հանդիպմանը) կքննարկեն Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 24-ին Աշխաբադում տեղի ունենալիք հերթական նիստի օրակարգի նախագծի առաջարկները», – ասված է հաղորդագրության մեջ։
Մշտական ներկայացուցիչները նաև կքննարկեն այն նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի կատարումը, որոնք Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերի ընթացքում արտահայտել են պատվիրակությունների ղեկավարներն անվտանգության ոլորտում համագործակցության առումով, կամփոփեն 2023 թվականին Համագործակցության շրջանակներում արտաքին քաղաքական համագործակցության արդյունքները՝ ԱՊՀ միջազգային դիրքավորման համատեքստում։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին Բիշքեկում։ Այդ ժամանակ նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի փոխվարչապետները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության Գործադիր կոմիտեի կառույցների ներկայացուցիչները: