«Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ». Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ ասել է.
«Այս գրեթե 5 ամիսը ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին․ եթե նայենք այս ժամանակահատվածին, կտեսնենք, որ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար»։
Բայրամովը կրկին քննադատել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության առկայության հանգամանքը՝ նշելով, որ առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների այցը սահման, լարվածության բացակայության պայմաններում նպաստել են հարցը օրակարգում պահելուն և այն որպես լարվածություն ներկայացնելուն։
«Դրա օրինակն այս առաքելության վերահսկողական գոտուց ադրբեջանական սահմանի խախտումն էր, այնուհետ, առանց պատճառի, դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը», – հավելել է Բայրամովը։