Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգրան Ավինյան
Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել կոնդեցիների իրավունքների պաշտպանության, տասնամյակներով նրանց տնօրինած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար։
«Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունը նրանում էր, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականության հատվածներն իրենց սեփականությունը չեն հանդիսացել»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցվեց, որ Կոնդ թաղամասի շենք-շինությունների օրինականացման հետ կապված այս պահին կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում։
«Ովքեր ունեն քաղաքապետի որոշում, ծանուցվել են ավագանու որոշման մասին սեփականաշնորհման վճարների հետ կապված։ Դեռևս կատարված վճարումներ չկան։ Ըստ գոտիականության՝ մեկ քառակուսի մետրի արժեքը 214 կամ 139 հազար դրամ է»,- հայտնեցին քաղաքապետին։
Այս պահին 25 որոշումների մասով 100 հազարից մինչև 650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ կան։
«Հաշվի առնելով, որ քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, հասկանանք, թե ինչպես կարող ենք կապել հետագա իրացման ծրագրի հետ և լուծումներ գտնել»,- հանձնարարեց քաղաքապետը։