Հայաստանին չի վաճառվելու այն, ինչ Ուկրաինային, Արևմուտքը ՀՀ-ին մատակարարելու է երկրորդ սորտի սպառազինություն․ Պուխով
«Հայաստանին Արևմուտքը մատակարարելու է երկրորդ սորտի սպառազինություն»,- այս մասին «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում ասաց Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սպառազինության գնումներին։
Նա նշեց, որ երբ խոսքը ռազմարդյունաբերության և այդ ոլորտում գնումների մասին է, պետք է տեխնոլոգիական ընտրություն կատարել, քանի որ գոյություն ունեն արևելյան և արևմտյան տեխնոլոգիաներ։
Նրա որակմամբ, հնդկական սպառազինության հիմնական խնդիրը դրանց «հում» լինելու և բավարար չմշակված լինելու մեջ է։
Պուխովն ասաց, որ նրանց մշակութային առանձնահատկությունն արտացոլվում է նաև ռազմարդյունաբերության մեջ, քանի որ նրանք ունեն՝ ինչպես իրենց արտադրանքը, այնպես էլ՝ գնում են արտասահմանում։
«Եթե անկեղծ խոսենք, ապա ամերիկյան սպառազինություններն ամենամշակվածն են, և ԱՄՆ-ը կարող է մատակարարել շատ ու անվճար։ Եթե որոշել եք ինչ-որ բան վերցնել, ապա լավ կլինի վերցնել Ամերիկայից։ Եթե խոսում ենք Ֆրանսիայից թեթև զրահամեքենաների մասին, ապա ես կողմ եմ, որպեսզի շատ բաներ վերցվեն կոմերցիոն շուկաներից և ներմուծվեն սեփական արդյունաբերության մեջ։ Եվ այստեղ կարիք չկա ինչ-որ այլ քաղաքական պարտավորությունների, քանի որ ֆրանսիական զենքի հետ գալիս է ուղիղ կամ անուղղակի ինչ-որ պարտավորությունների հավաքածու և դեմոնստրացիաներ։ Շատ հաճախ մարդիկ զենքի ներքո գնում են անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանն այս փուլում, մեղմ ասած, Հայաստանի համար, որպես անվտանգություն արտահանող երկիր, կարողունակ չէ։ Բայց դա չի նշանակում, թե Ֆրանսիան կարող է։ Եթե գնում եք ֆրանսիական զենք ու ակնկալում Մակրոնից երկու թվիթ և Լըկորնյուի այց, ապա ես խղճում եմ»,- ասաց Ռուսլան Պուխովը։
Նա նշեց, որ եթե զենք եք ցանկանում, ապա գնեք Հարավային Կորեայից, շուկան մեծ է, շատ զենքեր կարելի է գնել Բրազիլիայից։
«Հիմարություն կլինի հերքել, որ մի շարք տեղերում արևմտյան սպառազինությունը ռուսականից լավն է, քանի որ Արևմուտքը հարուստ է»,- խոստովանեց վերլուծաբանը։ Նա նշեց, որ Արևմուտքից Հայաստանը չի կարող գնել այն, ինչ Ուկրաինային են մատակարարում, որը փչացնում է իրենց բոլորի կյանքը, Հայաստանին կտան երկրորդ սորտի սպառազինություն, օրինակ, «Կեսարներ»։
«Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կանխարգելիչ հարված կհասցնեն, և այդ դժբախտ «Կեսարներին» սպասարկող անձնակազմերը չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Պետք է ասիմետրիկ ու սթափ մտածել»,- ասաց նա։
Նա խորհուրդ տվեց սովորել գոնե ամերիկացիներից, որոնք որոշ գոտիներում տապալումներից հետո ցույց են տալիս, թե ոչինչ չի պատահել, իսկ Հայաստանի մշտական «նվնվոցը» վատ է։ Նա խորհուրդ տվեց զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը՝ ձեռք բերելով այն, ինչ անհրաժեշտ է կոմերցիոն շուկաներից, ադապտացնելով ՀՀ-ում։