Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցը ցուցադրական ակտ է. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կասկածից վեր է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցը ցուցադրական ակտ է:
Դրա մասին վկայող հանգամանքները հետևյալն են․ պատվիրակությունը «հավաքվել» է շատ արագ՝ երկու-երեք օրվա ընթացքում: Այցը շատ կարճ է, նա Երևանում մնում է 24 ժամից էլ պակաս:

Լըկորնյուն Երևան է ժամանում ռազմա-տրանսպորտային օդանավով, այն դեպքում, երբ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, քաղաքական պաշտոնյա, և այցերը, սովորաբար, տեղի են ունենում մյուս քաղաքական պաշտոնյաների ռեժիմով: Այցի վերջնական որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հակառակ պարագայում հազիվ թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լիներ պատվիրակության կազմում, եթե ընդամենը մեկ օր անց նա Երևանում հյուրընկալելու էր իր ֆրանսիացի պաշտոնակցին:

Ինչի՞ համար է այդ ցուցադրականությունը․ այստեղ է գլխավոր հարցը: Կարծում եմ՝ սա որոշակի իմաստով «արձագանք»-«պատասխան» է Մյունխենում Փաշինյան-Մուր հանդիպմանը: Հիշեցնեմ՝ Մուրը բրիտանական հետախուզության ղեկավարն է:

Բնականաբար, «արձագանք»-«պատասխանն», ըստ իս, պայմանավորված է ոչ թե զուտ հանդիպման փաստով, այլ դրանում շոշափված բովանդակությամբ կամ բովանդակությանն առնչվող որևէ էական հանգամանքով, որն իրականում իր խորքում էականորեն տարբերվում է այն քարոզչական պատկերից, որը, արդեն քանի օր է, կառուցվում է «Սուրբ Մյունխեն ամենափրկիչ» տրամաբանությամբ:

Մյուս հարցն էլ այն է, թե ինչ խորք ունի Ֆրանսիայի ցուցադրական ակտը, կամ, ավելի շուտ, խորք ունի՞, թե՞ ոչ: Այդպիսի ակտեր կարող են լինել երկու դեպքում՝ երբ խորքում չկա ոչինչ, և մնում է վառ պահել անտուրաժը, կամ՝ խորքում եղածի հանդեպ կան կասկածներ, և առաջանում է ցուցադրական մի քայլով դրանք ցրելու անհրաժեշտություն:
Ո՛րն է այս դեպքում, դժվարանում եմ ասել»:

Տեսանյութեր

Լրահոս