Ադրբեջանի խորհրդարանում կրկին սպառնացել են բացել «միջանցքը»

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Մեջլիսի այսօրվա նիստում խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է. «Եվրախորհրդարանի անվտանգության կոմիտեի նախագահ, հակաադրբեջանական ցանցի գլխավոր դեմքերից՝ Նատալի Լուազոն, որին Նիկոլ Փաշինյանը մյունխենյան գագաթնաժողովում փետրվարի 19-ին մեդալ է շնորհել, հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը տարածաշրջանում տեղակայված եվրոպական առաքելության գործունեությունն է։ Այո, ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի համար հող նախապատրաստելն է՝ տարածաշրջան ներխուժման համար, և փետրվարի 12-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը հենց Արևմուտքի ռազմական կորպուսը «Զանգեզուրի միջանցք» մտցնելն էր»։

Զահիդ Օրուջն անդրադարձել է նաև փետրվարի 12-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի հարցազրույցին՝ նշելով, որ ԵՄ-ը նախատեսում է Սյունիքում 110 մլն եվրո ներդնել անվտանգության համար։

«Հարց է առաջանում՝ մեր երկիրը հայտարարել է, որ ռազմական ճանապարհով ետ է վերցնելու այդ տարածքները, այդ պատճառո՞վ է ԵՄ-ն այդքան մեծ միջոցներ ներդնում Զանգեզուրում»,- ասել է նա։

Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ ԵՄ առաքելությունները տարբեր երկրներում նպատակ են ունեցել հակամարտությունների կառավարման միջոցով շահագործել այդ երկրների տնտեսական ռեսուրսները, ուստի, ըստ նրա՝ միջազգային առաքելությունները չպետք է մոռանան, որ «ադրբեջանցիները, որոնք այդ հողերի պատմական տերերն են, բացելու են Զանգեզուրի ճանապարհը»։

Տեսանյութեր

Լրահոս