«Հայաստանն է որոշում՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ». Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ու Իրանն ինչպես կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը, նշել է. «Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։

Պապիկյանը հիշեցրել է 2022թ. սեպտեմբերյան իրադարձությունները, երբ ադրբեջանական ԶՈւ-ն դիմեց ռազմական ագրեսիայի և օկուպացրեց Հայաստանի տարածքի մի հատված. «Այդ իրադարձություններից հետո է, որ Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ Հայաստանի սուվերեն իրավունքն է, և Հայաստանն է իրավասու որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից»,- ասել է նա։

Պապիկյանը նաև նշել է, որ Հայաստանի իրավունքն է՝ համագործակցել և՛ Ֆրանսիայի հետ, և՛ Իրանի. «Դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ։ Իրանցի գործընկերները հարգում են համագործակցությունն այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պետք է անեն»։

Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը չունի համագործակցելու տաբուներ։

Անդրադառնալով ՀՕՊ համակարգի համալրմանը՝ Պապիկյանն ասել է, թե դա Հայաստանի սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու և երկնքի անվտանգությունն ապահովելու մասին է. «Որևէ գործընկերոջ, բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։

Տեսանյութեր

Լրահոս