Բրիտանական ապրանքները հետխորհրդային երկրներով` Ռուսաստան. Sky News
Բրիտանական Sky News-ը հրապարակել է պաշտոնական մաքսային վիճակագրության մանրամասն ուսումնասիրություն, ըստ որի՝ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է ապրանքներ ստանալ Բրիտանիայից, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջոցով։ Զեկույցում նշվում է նաև Վրաստանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Sky News-ի վերլուծության՝ չնայած պատժամիջոցների սահմանումից հետո Բրիտանիայից Ռուսաստան արտահանումը կտրուկ նվազել է, Մեծ Բրիտանիայից արտահանումը նախկին խորհրդային մի խումբ երկրներ՝ Ուզբեկստանից Վրաստան, աճել է աննախադեպ արագությամբ:
«Երկակի նշանակության բրիտանական ապրանքների մեծ ծավալները դեռ ճանապարհ են գտնում դեպի Մոսկվա, դրանք ուղարկվում են Կովկաս և Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղից էլ փոխադրվում են Ռուսաստան»,- վրաստանյան formulanews լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել է Sky News-ը։
Նույն տվյալների համաձայն, Բրիտանիայից Ղրղզստան արտահանումն աճել է մոտավորապես 1100 տոկոսով։ 2022 թվականից հետո այս ցուցանիշը կտրուկ աճել է նաև Հայաստանում:
«Պատերազմի սկզբից ի վեր բրիտանական ապրանքների արտահանումը Կովկասի և Կենտրոնական Ասիայի 4 երկրներ` աճել է ավելի քան 500 տոկոսով»,- նշել են հետազոտության հեղինակները։ Խոսքն անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների մասերի, նավիգացիոն և այլ տեսակի սարքավորումների և տեխնիկայի մասին է։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի այս 4 երկրներ ուղարկված ապրանքների ամենամեծ կատեգորիան եղել է «ինքնաթիռների, ուղղաթիռների կամ անօդաչու թռչող սարքերի մասերը»։