«Սիներջի» ընկերության տնօրենն ազատ է արձակվել
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: