Բաժիններ՝

ՌԴ ՆԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել

Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվողների տվյալների բազան։

ՌԴ ՆԳՆ-ի հայտարարության մեջ գրված է, որ 41-ամյա Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, սակայն կոնկրետ հոդվածը չի նշվում։

Օլեգ Նավալնիի նկատմամբ նախկինում նույնպես հետախուզում էր հայտարարվել։

2022 թ․ փետրվարին դատարանը բավարարել էր ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության դիմումը՝ Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով՝ դատարանի կողմից սահմանված պարտականություններից խուսափելու համար, այդ թվում՝ քրեակատարողական տեսչություն չներկայանալու համար։ Ըստ գերատեսչության՝ դատապարտյալը լքել է Ռուսաստանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

2021 թ․ օգոստոսին դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ հրահրելու մեջ և նշանակել մեկ տարվա պայմանական ազատազրկում՝ նույնքան փորձաշրջանով։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, փետրվարի 16-ին մահացել է քրեակատարողական հիմնարկում։ Արևմտյան ղեկավարները և Նավալնիի կինը նրա մահվան մեջ մեղադրում են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղադրանքները որակել է որպես «բացարձակապես անհիմն, լկտի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս