
Բարեկամակա՞ն, թե՞ աշխատանքային վեճ. Ի՞նչ է կատարվում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում

Հայկական կարմիր խաչի ընկերությունում ստեղծված իրադրության առնչությամբ հրավիրված ասուլիսում ընկերության նախագահության, գլխավոր քարտուղարի կողմի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վերջին իրողությունների առնչությամբ՝ շեշտելով, որ Աննա Եղիազարյանին նախագահությունը հեռացրել է աշխատանքից. «Եթե Աննա Եղիազարյանը կարծում էր, որ իրեն հանիրավի են հեռացրել, նա ունի պոզիտիվ պարտավորություն՝ դիմելու դատական պաշտպանության»:
Փաստաբանն ընկերության հանդեպ կատարվողը որակում է «գոտկատեղից ներքև հարված»՝ նկատելով, որ այն հարիր չէ այս ընկերության անցած ճանապարհին: Ըստ նրա՝ Աննա Եղիազարյանը փորձել է կատարել ոչ իրավաչափ արտահերթ համագումար։
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում մի քանի օր է՝ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։
Փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Աննա Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից, ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ իրենք հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացրել. 60 միլիոն դրամ և ավելի գումար, կնիքների Կարմիր խաչից անհետանալու, ապօրինի գույք օգտագործելու մասին: Ըստ նրա՝ դատախազությունը դեռևս ընթացք չի տվել այդ հաղորդումներին, իսկ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո վերջինս տուժող է ճանաչվել:
Ի դեպ, ասուլիսին ներկա Մխիթար Մնացականյանի թոռը չհերքեց, որ Կարմիր խաչում աշխատում են տարբեր ազգականներ, դա նա պայմանավորեց կարմիրխաչական լինելու իրենց հանձնառությամբ:
Նկատենք՝ լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը նշանակվել գլխավոր քարտուղարի տեղակալ, Մխիթար Մնացականյանի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը, նախագահության անդամ, տղան՝ Ալեքսանդր Մնացականյանը, ՀԿԽԸ վերականգնողական կենտրոնի «Գրացիա» ՍՊԸ-ի տնօրեն, թոռը, որը նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանի տղան է՝ Դավիթ Ներսիսյանը, ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ, Մխիթար Մնացականյանի եղբայրը՝ ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, եղբոր կինը՝ տնօրեն: Ինչպե՞ս է հարսին՝ դիզայներ Արևիկ Սիմոնյանին, նույն շենքում տարածք հատկացվել, և այլն:
Նկատենք՝ Աննա Եղիազարյանին և Մխիթար Մնացականյանին թեև այսօր բաժանում է ստեղծված իրավիճակը, այդուհանդերձ, նրանք ևս խնամիական կապերով են կապված:
Ըստ լուրերի՝ Աննա Եղիազարյանն էլ իր հերթին հարուստ ազգակցական կապերով է շրջապատել իրեն:
Մանրամասները՝ տեսանյութում