Ռուսաստանցի ռելոկանտները սադրանքներ են նախապատրաստում արտասահմանում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի վերաբնակիչները պատրաստվում են արտասահմանում ՌԴ նախագահական ընտրությունների նախաշեմին տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Գենադի Ասկալդովիչը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախապատրաստմանը։
«Մեզ համար լուրջ խնդիր է այսպես կոչված վերաբնակիչների ակտիվությունը, հատկապես նրանց, ովքեր բացասաբար են վերաբերվում գործող նախագահին: Միանշանակ ոչ բոլոր վերաբնակիչներն են մեր թշնամիները։ Նրանցից շատերը հիմնականում ապաքաղաքական են և արդեն վերադարձել են հայրենիք, իսկ մնացածները ծայրահեղ ռուսատյաց դիրքեր են զբաղեցնում և, որքան գիտենք, ընտրությունների նախաշեմին և դրա ընթացքում պատրաստվում են տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել», – ասել է դիվանագետը նաև նշել է, որ վերաբնակիչների ագրեսիվ վերաբերմունքն ակտիվացել է այն բանից հետո, երբ «նախագահի թեկնածու Բորիս Նադեժդինի գրանցումը մերժվել է»։
«Մենք մեծ տեղեկատվական աշխատանք ենք տանում հայրենասեր քաղաքացիների շրջանում՝ հնարավորության դեպքում խնդրելով նրանց օգնությունը վերաբնակիչների ծայրահեղական բողոքի ակցիաները կանխելու համար», – ավելացրել է Ասկալդովիչը:
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։