Չենք մոռանա և չենք ների. Իսրայելը Բրազիլիայի նախագահին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Իսրայելը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել. պատճառը Բրազիլիայի նախագաիի հայտարարությունն է, որում նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար: Բրազիլիայի նախագահը Իսրայելի արածը համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Հոլոքոստի գործողությունների հետ։

Ինչպես գրում է The Guardian-ը, Բրազիլիայի դեսպանին բողոքի նոտա հայտնելով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեք, որ նա «պերսոնա նոն գրատա» է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը»:

Հանգստյան օրերին Բրազիլիայի նախագահն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, պատմության որևէ այլ փուլում տեղի չի ունեցել»։

«Իրականում դա տեղի ունեցավ, երբ Հիտլերը որոշեց սպանել հրեաներին: Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է. Դա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ: Դա պատերազմ է բարձր պատրաստվածության բանակի և կանանց ու երեխաների միջև», – ասել է Բրազիլիայի նախագահը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա Սիլվայի խոսքերը որակել է որպես «ամոթալի և տագնապալի» և «Հոլոքոստի նսեմացում»:

Այսօր առավոտյան Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 29,000 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 69,000-ը վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս