Կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը. բանակին պարտադրում են խեղճանալ. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին, չբացառեց, որ Ներքին Հանդի իրադարձություններն ունենան կրկնություններ գուցե Հայաստանի տարբեր այլ հատվածներում։

«Երեկ էլ մենք թեթև անոնս լսեցինք Կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ։ Մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը և առաջին հերթին՝ մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»,-ասաց Երրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին, թե Ալիևն ակնարկում է, որ դա իր պահանջն է, Սերժ Սարգսյանը նախ ուղղեց լրագրողին՝ ասելով՝ Ալիևը չի ակնարկում, նա մի քանի անգամ և առաջին անգամ երկու տարի առաջ է այդ մասին խոսել, պահանջել։

«Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։ Եթե այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այդ ժամանակն իրենց համար ի՞նչ պետք է լինի, ի՞նչ պիտի բերի։ Գուցե իրենց թվում է՝ հրաշք կլինի, ու Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի, չի՛ կարող նման բան լինել։ Նորից պիտի կրկնեմ՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը, և մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն՝ այն կամքը, որը ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ դրանով փորձում են կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը որքանո՞վ է մեծ, թե՞ կլինեն միայն լոկալ բախումներ: Երրորդ նախագահը պատասխանեց՝ պատերազմներ լինում են այն կողմերի միջև, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են, հնարավորություն կտան ռազմական երկար գործողությունների։

«Ես դժվարանում եմ ասել մեր բանակի ռեսուրսի չափի մասին, որովհետև ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ այդ կամքը չկա, բայց որ ուղղակի մեր բանակին պարտադրում են է՛լ ավելի շատ խեղճացած լինել՝ ակնհայտ է։ Երբ թշնամու պահանջով շատ արագ խոստանում են, որ հետաքննություն կիրականացնեն և մեղավորներին կգտնեն ինչ-որ մեկ կրակոցի համար։ Վաղը-մյուս օրը, երբ թշնամին ճնշի, կարծում եմ՝ մեր զինվորները  նույնիսկ ցանկություն չեն ունենա դիմադրելու, որովհետև այդ դիմադրության համար էլ կարող են պատժել, և այլն»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս