Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա ասեն՝ ինչի՞ են հասել. Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիտարկումներ ունի Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի՝ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, որի ամբողջ մեղքը ՀՀ իշխանությունը փորձում է բարդել հայ զինվորի վրա։
Մինչ հարցին պատասխանելը, Երրորդ նախագահը լրագրողներից ներողություն խնդրեց՝ ասելով, որ երկար ժամանակ չի կարող տրամադրել, քանի որ կարևոր հանդիպում ունի։ Այնուհետև պատասխանելով հարցին՝ ասաց.
«Սա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որ մենք ականատես էինք լինում։ Եթե հիշում եք՝ շաբաթներ առաջ, հենց այստեղ ես ասացի, որ եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա։ Ինչպես տեսնում ենք, նաև այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։
Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություններն ունենան կրկնություններ գուցե տարբեր այլ հատվածներում։ Երեկ էլ մենք թեթև անոնս լսեցինք Կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ։ Մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը և առաջին հերթին՝ մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»։
Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին, թե Ալիևն ակնարկում է, որ դա իր պահանջն է, Սերժ Սարգսյանը նախ ուղղեց լրագրողին՝ ասելով՝ Ալիևը չի ակնարկում, նա մի քանի անգամ և առաջին անգամ երկու տարի առաջ է այդ մասին խոսել, պահանջել։
«Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։ Եթե այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այդ ժամանակն իրենց համար ի՞նչ պետք է լինի, ի՞նչ պիտի բերի։ Գուցե իրենց թվում է՝ հրաշք կլինի, ու Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի, չի՛ կարող նման բան լինել։ Նորից պիտի կրկնեմ՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը, և մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն՝ այն կամքը, որը ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ դրանով փորձում են կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը որքանո՞վ է մեծ, թե՞ կլինեն միայն լոկալ բախումներ: Երրորդ նախագահը պատասխանեց՝ պատերազմներ լինում են այն կողմերի միջև, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են, հնարավորություն կտան ռազմական երկար գործողությունների։
«Ես դժվարանում եմ ասել մեր բանակի ռեսուրսի չափի մասին, որովհետև ստույգ տեղեկություններ չունեմ, բայց որ այդ կամքը չկա, բայց որ ուղղակի մեր բանակին պարտադրում են է՛լ ավելի շատ խեղճացած լինել՝ ակնհայտ է։ Երբ թշնամու պահանջով շատ արագ խոստանում են, որ հետաքննություն կիրականացնեն և մեղավորներին կգտնեն ինչ-որ մեկ կրակոցի համար։ Վաղը-մյուս օրը, երբ թշնամին ճնշի, կարծում եմ՝ մեր զինվորները նույնիսկ ցանկություն չեն ունենա դիմադրելու, որովհետև այդ դիմադրության համար էլ կարող են պատժել, և այլն»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
Խոսելով իշխանությունների հայտարարությունների մասին, որ բանակում դիրքերը նախկինում պատշաճ կահավորված չեն եղել, Սերժ Սարգսյանը ժպիտով արձագանքեց.
«Բանից պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո ցույց տան, որ մեր դիրքերը պատշաճ կահավորված չեն։ Իհարկե, կահավորված եղել են, միանշանակ։ Մենք ամեն ինչ ունեցել ենք՝ պատերազմում նման ողբերգական հետևանքներ չունենալու համար։ Դուք մի լսեք այս մարդկանց, որոնք բանակից բան չեն հասկանում»։
Այնուհետև նա դիմելով լրագրողին՝ հարցրեց՝ թե արդյո՞ք ընթերցում է դրսի փորձագետների գրածներն ու կարծիքները՝ հորդորելով՝ պետք է ընթերցել։
Լրագրողների դիտարկումներին, որ իշխանությունները հայտարարում են, թե դիրքերն աննախադեպ ձևով կահավորում են, Սերժ Սարգսյանն ասաց՝ դուք էլ ասեք։
Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ հասարակությունը չի մոբիլիզացվում, և ե՞րբ է հնարավոր իշխանություններին հեռացնել, և պատկերացնո՞ւմ է, թե ինչ կլիներ իր իշխանության դեպքում, եթե նույնն աներ, ինչ այսօր անում է օրվա իշխանությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ չի կարող պատկերացնել, քանի որ իր իշխանությունն ուղղակի ի վիճակի չէր նման բաներ անելու։
«Մենք այդ բաները չենք արել, որ մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջել մեր հրաժարականը, մենք ենթարկվել ենք։ Իհարկե, մեզ թալանի մեջ կմեղադրեն, բա ուրիշ ի՞նչ ասեն, իշխանափոխության ընթացքում շատ տեղեր են օգտագործվել այդ հնարքները, և դա միայն իրենք չեն արել, արել են նաև իրենց օժանդակող ուժերը»,- շեշտեց նա։
Խոսելով իշխանական թիմի անդամ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին երկու ամսով տնային կալանք տալու վերաբերյալ դատարանի որոշման մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե Քերոբյանն ընդդիմության ներկայացուցիչ լիներ, ապա բոլոր միջոցները կդնեին՝ որպեսզի հանրությանը ցույց տային, թե որքան վտանգավոր մարդ է, ում տնային կալանքը քիչ է։
«Այնպես որ՝ սա իրենց գործն է, ես չգիտեմ՝ ինչու են այդպես անում, և չեմ էլ ուզում իմանալ։ Կարծում եմ՝ առաջին հերթին այդ մարդիկ են մեղավոր, որ աշխատում են այս կառավարության կազմում»,- շեշտեց նա։
Լրագրողի հաջորդ դիտարկմանը, որ այսօր հասարակության մի հատվածը մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ Արցախի 7 շրջանները պիտի հանձնվեր, հետևաբար՝ լավ ավելի կլիներ՝ հանձներ, քան իշխանությունը տար Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը նկատեց՝ կամ լրագրողի ձևակերպումն է սխալ, կամ չափազանցվում է։
«Դա հասարակության մի հատվածը չէ, մի քանի մարդիկ են, որ այդ հեքիաթները պատմում են։ Բայց ես այստեղ տրամաբանության հետք չեմ տեսնում, բա եթե այդպիսի բան կար, ես էլ ինչո՞ւ էի վարչապետ առաջադրվում։ Եթե այդպես լիներ, իմ ժամկետն ավարտվել էր, ես տուն կգնայի։ Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, և այդ իմ որոշումը ոչ թե ի օգուտ իմ անձի է եղել, այլ դրանով փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել։
Այն հարցերին, որոնց ես տևական ժամանակ շատ ընդարձակ պատասխանել եմ, իմաստ չունի նորից կրկնել։ Բայց մեկ բան ասեմ, որ ձեզ՝ որպես լրագրողի, կարող է օգուտ տա. խնդրում եմ, երբ դուք ցանկություն ունեք կամ նպատակ ունեք հարցեր տալու, գոնե թերթեք իմ ասածները, նախկինում տված իմ պատասխանները։ Կրկնում եմ՝ ես դարձա վարչապետ, որպեսզի այդ արհավիրքը Հայաստանից հեռացնեմ»,- ընդգծեց Երրորդ նախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում