ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/6 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Վերստուգման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են, որ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն վերացվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված և արձանագրված խախտումները։
Ըստ աղբյուրի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրել էր հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք ստեղծում են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության անմիջական և ուղղակի սպառնալիք։
Ուստի, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ բենզալցակայանը կապարակնքվել է։