Ադրբեջանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնեն ԼՂ-ում խաղաղապահների ժամկետի վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ փետրվարի 12-ի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան և Բաքուն կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների ներկայության վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը ավարտվում է 2025 թվականին»,-ասել է Հաջիզադեն։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա։
Հաջիզադեն ասել է, որ այն տարածքներում, որտեղ տեղակայված են ՌԴ խաղաղապահները, ականներ ու չպայթած զինամթերք կան, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել համատեղ խորհրդակցություն անցկացնել։