Սուրեն Պապիկյանի օգնականը նոր պաշտոն է ստացել. վերահսկելու է բանակում մարդու իրավունքների և բարեվարքության վիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օգնական Հրայր Հովակիմյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ:
168.am-ը 2023 թվականի փետրվարին գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հրայր Հովակիմյանին իրեն օգնական է վերցրել:
Մենք հիշեցրել էինք, որ դրանից առաջ` 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում էր ստորագրել, որով Հրայր Հովակիմյանը 2023 թվականի հունվարի 3-ից ազատվել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտի պաշտոնից, որը ստանձնել էր 2022-ի մարտի 10-ից:
Հավելենք, որ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի լիազորություններն են`
– ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,
– ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում, իրականացում, մշտադիտարկում և գնահատում,
– ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,
– պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ և այլն:
Այսինքն, խնդիրը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումն է, ինչպես նաև մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
Նշենք, որ մինչ այս ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը ղեկավարում էր գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը:
Նրա զորացրվելուց հետո Սուրեն Պապիկյանի ընտրությունը կանգ է առել Հրայր Հովակիմյանի թեկնածության վրա, որին, թերևս, կարելի է համարել նախարարի մտերիմ շրջապատից: