Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր․ Քոչարյան. «Ազատություն»
Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասաց Քոչարյանը։
Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհ և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։