
Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ֆիլիպինների հարավում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Ֆիլիպինների հարավում ոսկու արդյունահանող գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Դավաո դե Օրո նահանգի աղետների կառավարման գրասենյակի խոսնակ Էդվարդ Մակապլիի խոսքով էլ ողջ մնացածներին գտնելու հույս չկա:
«Դեպքից անցել է գրեթե մեկ շաբաթ: Մենք կարծում ենք, որ այլևս ողջ մնացածներ չկան»,- գործակալությանն ասել է նա:
Միաժամանակ իշխանությունները հորդորել են շարունակել որոնողական աշխատանքները, քանի դեռ չեն հայտնաբերվել բոլոր անհետ կորածները։
Սողանքն իջել էր փետրվարի 6-ի գիշերը Դավաո դե Օրո նահանգում ոսկու արդյունահանմամբ զբաղվող լեռնային Մասարա գյուղում։ Հողի շերտի տակ են անցել տներ և երկու ավտոբուս, որոնցում ավելի քան երկու տասնյակ ուղևոր կար։ Սողանքին նախորդել էին հորդառատ անձրևներ։