
Հրդեհ է բռնկվել Շվեդիայի ամենամեծ զվարճանքի կենտրոնում

Խոշոր հրդեհ է բռնկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի ամենամեծ զվարճանքի կենտրոնի՝ «Լիզեբերգ»-ի ջրային համալիրում:
Զվարճանքի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդիկ են տարհանվել մոտակա գրասենյակներից և հյուրանոցից:
«Խոշոր հրդեհ է բռնկվել «Oceana Water World»-ում՝ նոր ջրաշխարհում, որը կառուցում է «Լիզեբերգ»-ը: Հրդեհը բռնկվել է շենքից դուրս ջրային ատրակցիոններից մեկում, այնուհետև տարածվել է ամբողջ շենքի վրա», – ասվում է հայտարարության մեջ:
Այժմ աշխատանքներ են տարվում հրդեհի տեղայնացման ուղղությամբ, պարզվում են դրա պատճառները։
Բժիշկների խոսքով՝ թեթև վնասվածքներով 12 մարդ օգնության է դիմել: Այս մասին գրում է «Dagens Nyheter» թերթը։
«Լիզեբերգ»-ը Եվրոպայի առաջատար զվարճանքի կենտրոններից մեկն է, որն ունի տարեկան մոտավորապես 3 միլիոն այցելու: Ջրային համալիրը՝ այգու 14 ջրային ատրակցիոններով, նախատեսվում էր բացել 2024 թվականի ամռանը։