Բաժիններ՝

Խանի հազարավոր կողմնակիցներ փակել են մայրուղիները՝ բողոքելով Պակիստանի ընտրությունների արդյունքների դեմ

Պակիստանի բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի հազարավոր կողմնակիցներ և այլ քաղաքական կուսակցությունների անդամներ փակել են երկրի առանցքային մայրուղիները և սկսել մեկօրյա գործադուլ՝ բողոքելով անցյալ շաբաթ կայացած ընտրություններում ենթադրյալ ընտրակեղծիքների դեմ: Այդ մասին տեղեկացնում է «France 24»-ը։

Ըստ հրապարակված վերջնական տվյալների՝ Խանի աջակցությունը վայելող թեկնածուներն ավելի շատ տեղեր են ստացել խորհրդարանում, քան քաղաքական կուսակցությունները, որոնք նրան իշխանությունից հեռացրին մոտ երկու տարի առաջ:

Այդուհանդերձ, ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստացել, ուստի նրանք ստիպված կլինեն բանակցություններ վարել կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ։ Նոր խորհրդարանն ընտրելու է երկրի հաջորդ վարչապետին։

Քվեարկությունն ուղեկցվել է ձայների կեղծման մեղադրանքներով, բջջային հեռախոսների աննախադեպ անջատմամբ և Խանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին՝ Պակիստանի «Թեհրիք է Ինսաֆ» կուսակցությանը քվեարկությունից դուրս թողնելով։ Կուսակցության կողմից առաջադրվողներին ստիպել էին հանդես գալ որպես անկախ թեկնածուներ։ Բողոքի ցույցերի ժամանակ Լահոր քաղաքում կարճ ժամանակով ձերբակալվել են Խանի տասնյակ կողմնակիցներ: Խանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, քանի որ նրա դեմ քրեական դատավճիռներ կան, որոնք, ըստ նրա, քաղաքական դրդապատճառներ ունեն: Խանի համախոհ թեկնածուներն ապահովել են խորհրդարանի ստորին պալատի 266 տեղերից 101-ը:

Պակիստանի «Մուսուլմանական լիգա» կուսակցությունը, որը գլխավորում է երեք անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած, կոռուպցիայի համար դատապարտված Նավազ Շարիֆը, ապահովել է տեղերից 75-ը:

Շարիֆը ներկայում բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար:

Պակիստանի ժողովրդական կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 54 մանդատով: 2022 թվականին Խանին պաշտոնից հեռացնելու արշավը ղեկավարում էին հենց «Մուսուլմանական Լիգան» և Պակիստանի ժողովրդական կուսակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս