Պուտինն ո՞ւմ հետ հարց լուծի, երբ Փաշինյանն Ալիևի և Էրդողանի դաշնակիցն է. Տիգրան Քոչարյան
Խնդիր է դրված ազատվել «հայ» բառից և Հայաստանն անվանել Արմենիա. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական՝ մեկը մեկին հաջորդող պահանջներին։
«Քանի դեռ ադրբեջանական կողմից պահանջում են զիջումներ, իսկ փաշինյանական տրամաբանությամբ, այն, ինչ ուզում են, պետք է զիջել, հասնելու ենք իմ՝ վերը նշած վիճակին։ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը. այլևս չկան կարմիր գծեր,- Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը պահելու մասին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում պնդումներ արած Նիկոլ Փաշինյանին ի պատասխան՝ ասաց Տիգրան Քոչարյանը՝ նշելով,- Այլևս 29.800 չէ, եթե կարող եք, գնացե՛ք, ադրբեջանական զորքի օկուպացրած դիրքերը հետ վերցրեք։ Դե նույն Ջերմուկում վերականգնե՛ք ստատուս-քվոն՝ 29.800-ը»։
Մեդիափորձագետի խոսքով՝ հանրությունը պետք է հասկանա՝ Փաշինյանը հայկականության և Հայաստանի պետականության հետ որևէ աղերս չունի, ուստի Արցախը հանձնելուց հետո հրավառություն արած իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործելու նաև Հայաստանի պարագայում։
Ինչ վերաբերում է The Telegraph-ին տված հարցազրույցի տարբեր դրվագներին, ապա, ըստ Քոչարյանի, դա անելիքների մասին հաշվետվություն էր Բրիտանիային։
«Փաշինյանն ատչոտ էր տալիս, թե ի՞նչ է անելու»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի հայտարարություններին պետք չէ նայել, պետք է նայել քայլերին, իսկ քայլերը վկայությունն են նրա, որ գործ ունենք Արևմուտքի կողմից կառավարվող մեկի հետ՝ հստակ ծրագրով:
«Օրինակ, ասում է՝ Ուկրաինայի հարցով մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որը պատերազմ է վարում։ Հիմա՝ ի՞նչ է նշանակում նման ձևակերպում անելը։ Եթե Փաշինյանը նման բան է ասում և ասելուց 2 օր առաջ ուղարկում է 10 տոննա մարդասիրական բեռ Ուկրաինա, դա նշանակում է, ու բուժում է ուկրաինացի զինվորներին, որ գնան իր ռազմավարական դաշնակցի զինվորին սպանեն։ Ստացվում է՝ մեր դաշնակիցների հետ հարաբերություններում մեզ անգամ չեզոք չենք պահում, բայց սպասելիքներ ունենք դաշնակցից»,- ասաց Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, որտեղից ռուսը դուրս չի գալու, դա լրջագույն ռիսկեր է պարունակում իր մեջ, ինչի արդյունքում հայ ժողովուրդն է բռնելու Հայաստանից գաղթի ճամփան։
Անդրադառնալով բրիտանական լրատվամիջոցին Փաշինյանի տված հարցազրույցի այն դրվագին, որտեղ վերջինս այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն, Տիգրան Քոչարյանը նախ շեշտեց՝ Փաշինյանն արեց հերթական՝ ինքն իրեն հերքող հայտարարությունը, որովհետև մի դեպքում ասում էր՝ Հռոմի ստատուտն ուղղված է Ալիևի դեմ, հիմա ասում է՝ երկրի նախագահներն օժտված են անձեռնմխելիությամբ։
«Պուտինն ու Ալիևը երկրի նախագահներ են և ունեն անձեռնմխելիություն, հետևապես՝ Փաշինյանն ինքն իրեն հակասում է։ Ի՞նչ է նշանակում, թե ձերբակալելու որոշումը ես չեմ ընդունում. հիմա ի՞նչ է կատարվում դատական համակարգի հետ։ Այո՛, Ռուսաստանի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց դուք գնում՝ արջի վարկանիշն եք հարվածի տակ դնում, հակաարջային քարոզչություն անում պետական լրատվամիջոցներով, ու հետո, երբ արջը չի օգնում, նեղանո՞ւմ եք։ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը տեսնում է, որ Հայաստանը ներկայացնողը՝ Փաշինյանը, Ալիևի և Էրդողանի դաշնակիցն է, հետևապես այդ դաշնակիցդ ո՞ւմ հետ հարց լուծի, բնականաբար, տիրոջդ հետ է հարց լուծելու, ոչ թե քեզ հետ, (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանի։- Ա.Ս.), որովհետև Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր Արցախով և հակաթուրքականությամբ, հիմա դա չկա»,- ասաց Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։