Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն
Ադրբեջանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Միխալկոն կանչվել է ԱԳ նախարարություն։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱԳՆ հաղորդագրությանը։
«Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ, ինչը հակասում է այս առաքելության և նրա գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ ի հեճուկս տարածաշրջանում կայունության հաստատման և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման հայտարարված նպատակների, առաքելությունը լայնորեն օգտագործվում է՝ որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։
Ըստ հաղորդագրության, ԵՄ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալ՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։
«Բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են հակաադրբեջանական ատելություն տարածելու և անհիմն ադրբեջանաֆոբիան կրկնելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։