
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև այլ գործընկերների հետ։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը ԵՄ խորհրդի կողմից ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։