
Հունաստանի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ

Ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում՝ դեմ արտահայտվելու Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագծին, հաղորդում է AP-ն:
Կիրակի օրվա հանրահավաքների կազմակերպիչները՝ կրոնական խմբերը, օրինագիծը որակեցին որպես սպառնալիք ավանդական ընտանիքի համար: Բազմաթիվ ցուցարարներ վանկարկում էին «Ձեռքներդ հեռու մեր երեխաներից»։
Օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի մի քանի օրից։
Հունաստանի պահպանողական կառավարությունը հովանավորում է օրինագիծը, սակայն դրա հաստատման համար կպահանջվեն կենտրոնամետ և ընդդիմադիր կուսակցությունների ձայները: Սակայն նույնիսկ որոշ ձախ կենտրոնամետ օրենսդիրներ պաշտոնապես դեմ են արտահայտվել օրինագծին:
Հունաստանը 2015 թվականի դեկտեմբերից օրինականացրել է «համակեցության պայմանագրերը» միասեռ զույգերի համար։ 2017 թվականի հոկտեմբերին թույլատրվել է նաև գենդերային ինքնությունը փոխել սովորական դիմումի միջոցով՝ առանց պարտադիր հոգեբուժական փորձաքննության և սեռափոխության վիրահատության։
Եթե օրինագիծը հաստատվի, Հունաստանը կդառնա առաջին ուղղափառ երկիրը, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները։