«ԱՄՆ գործողությունները սպառնում են սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում»․ Ասադը
ԱՄՆ-ի գործողությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, սպառնում են ընդլայնել հակամարտության մասշտաբները Մերձավոր Արևելքում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ Գազայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ-ի պահվածքն սպառնում է ընդլայնել հակամարտության շրջանակը՝ սիոնիստական կազմակերպությանը մահաբեր զենքի շարունակական մատակարարման պատճառով»,- ասվում է Ասադի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ասադն ընդգծել է, որ Արևմուտքն ու Իսրայելը փակուղում են։ Նրա խոսքով՝ Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի դեմ իսրայելական էսկալացիան ոչ այլ ինչ է, քան փակուղուց դուրս գալու փորձ։
Սիրիայի նախագահը հավելել է, որ միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չեն կարողանում կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա։