Արթիկում կատարված երեկվա խոշոր կողոպուտը միակը չէր. ինչո՞ւ են կոծկվում խոշոր գողությունների փաստերը

Երեկ՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Շիրակի մարզում:

«Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել»,- գրել էր shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր՝ մոտ 85.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ երեկ թալանել են Արթիկ քաղաքի ամենահայտնի ոսկու խանութներից մեկի տիրոջը՝ նրան ու իր որդուն սաստիկ ծեծի ենթարկելով: Արթիկի մեր աղբյուրների փոխացմամբ՝ Արթիկ քաղաքում, ուր նախկինում խոշոր գողություններ ու աղմկահարույց հանցագործություններ գրեթե չէին լինում, վերջին 2-3 ամսվա մեջ այդ առումով բավականին «առաջընթաց» է գրանցել: Ուշագրավն այն է, սակայն, որ այդ հանցագործությունները թաքցվում են:

Պարզվում է՝ վերջին ամիսների ընթացքում Արթիկում մի քանի խոշոր բնակարանային գողություններ են տեղի ունենցել՝ գողոնի շատ տպավորիչ քանակով, սակայն այդ հանցագործությունները չեն բացահայտվել, և մարդկանց մոտ շատ մեծ դժգոհություն է հասունանում Արթիկի ոստիկանապետ Հարություն Ադամյանի նկատմամբ: Արթիկում վստահ են՝ չբացահայտված հանցագործությունների հեղինակների ձեռքի գործն է նաև երեկվա գողությունը:

Հարություն Ադամյանն արդեն մոտ 3 տարի է՝ Արթիկի ոստիկանապետն է: Դեռևս 3 տարի առաջ 168.amգրել էր, որ տարիներ առաջ Հարություն Ադամյանը և ևս մեկ ոստիկան Գյումրիում շատ հայտնի վաշխառու, տոկոսով գումար տվող Մելադա Սարգսյան անունով կնոջ կողմից մեղադրվում էին իր տան վրա ավազակային հարձակման ու կողոպուտի փորձի մեջ: Այդ ավազակային հարձակման ժամանակ այդ կինը ենթարկվել էր դաժան ծեծի, ջարդել էին ատամները, մարմնի վրա ունեցել է բազմաթիվ սալջարդեր:

Այդ գործի մասին տեղեկություն կա նաև datalex.am դատական տեղեկատվական համակարգում`«Հարություն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 07-ին, ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի 59 շենքի թիվ 38 բնակարանում վիճաբանել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող նույն բնակարանում ժամանակավորապես բնակվող Մելադա Անդրանիկի Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մելադա Սարգսյանին, նրա առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս ձախի վերին և ստորին կոպերի, աջ դաստակի առաջին մատի արյունահավաքների, աջից ստորին կոպի ձախ ակնագնդի սպիտակուցաթաղանթի և կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքի, ներսային մակերեսի սալջարդ վերքերի ձևով»: Ավազակային հարձակման գործը հասել էր դատարան, սկանդալի արդյունքում նշված 2 ոստիկաններն էլ ազատվել էին պաշտոնից, այդ թվում՝ նաև Հարություն Ադամյանը, և շատ երկար ժամանակ վերջինս որևէ պաշտոն չէր զբաղեցնում:

Ըստ մեր աղբյուրների՝ Շիրակի մարզում այդ պատմությանը քաջատեղյակ մարդիկ ապշել էին, երբ երկար ընդմիջումից հետո Հարություն Ադամյանը ոչ թե սովորական գործ էր ստացել, այլ բարձր պաշտոն՝ զբաղեցնելով ոստիկանության Արթիկի բաժնի պետի աթոռը:

Գյումրիում լուրեր պտտվեցին, որ նա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ բարեկամական կապեր ունի:

Մեր հաջորդ հրապարակումներում մանրամասներ կներկայացնենք Արթիկում տեղի ունեցած, բայց կոծկված ու չբացահայտված խոշոր գողությունների դեպքերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս