Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։
«Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում, դա գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել, և որը մտահոգիչ է: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանգամայն միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնաչկչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։