Նիկոլ Փաշինյանի արժանի հոգեզավակը. Գրիգոր Մինասյանը խաբում է
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
«Լավ բան եք անում, միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք՝ ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունեք և ունենալու եք: Վերջերս պատգամավորներով միջնորդել էինք Արմեն Աշոտյանի համար: Մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից՝ «Աշոտյանը տարաբնույթ կապեր ունի, այդ թվում՝ ԱԺ-ում, կարող է դրանք օգտագործել խոչընդոտելու, միջամտելու համար: Եվ Դոլմազյանի «հանճարեղ», նախադեպային, հակաիրավական արձանագրումը՝ «Ազգային ժողովում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող 9 պատգամավորների կողմից ներկայացված երաշխավորությունը»,- դիմելով դահլիճում ներկա ՔՊ-ականներին՝ ասաց Աղվան Վարդանյանը:
Վերջինս նաև հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ «ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի մտքի հակաիրավական թռիչքը, և ինչպե՞ս եք մեկնաբանելու հաջորդ, աջ կողմի պատգամավորների միջնորդությունը»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր այս թեմային: Գրել էինք, որ համանման իրավիճակներում իշխանությունը կիրառում է կրկնակի ստանդարտներ, և եթե որևէ պաշտոն չզբաղեցնող Արմեն Աշոտյանն ընդդիմադիր պատգամավորների միջոցով կարող էր ազդել քննության վրա, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նրա ՔՊ-ական պատգամավորները դրա համար ավելի մեծ հնարավորություններ ունեն:
Պատասխանելով Աղվան Վարդանյանի հարցին՝ Գրիգոր Մինասյանը վերջինիս խորհուրդ տվեց քաղաքական ելույթ ունենալու փոխարեն՝ Արմեն Աշոտյանի փաստաբաններին խորհուրդ տալ գրավոր դիմել կա՛մ Արդարադատության նախարարին, կա՛մ Էթիկայի հանձնաժողովին:
Ո՛չ իրավաբան Աղվան Վարդանյանի համար, իհարկե, բարդ էր տեղում կողմնորոշվել ու հստակ, ըստ էության հակադարձել Գրիգոր Մինասյանին, բայց որ արդարադատության նախարարն այդքան կարճ հիշողություն կունենա, սպասելի չէր: Թեպետ իրականում երևի թե լավ էլ հիշում էր, բայց ոնց էլ չլինի, Նիկոլ Փաշինյանի հետ հաց կերած կլինի:
Գրիգոր Մինասյանը Նիկոլ Փաշինյանից թերևս շատ լավ է սովորել մանիպուլյացիայի արվեստը:
Ազգային ժողովում ինքնամոռաց կրկնելով «նախկին» շեֆի` Կարեն Անդրեասյանի կոչերը՝ «ցանկացած դժգոհության դեպքում դիմել արդարադատության նախարարին կամ էլ իրենց սիրելի էթիկայի հանձնաժողովին», մի պահ այնքան էր ոգևորվել, որ պատգամավորին բացատրում էր քաղաքական գործչի և իրավաբանի տարբերությունը՝ պնդելով, որ կարգապահական վարույթ հարուցելու համար անպայման անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել, քանի որ պատգամավորի ասածը դեռևս հաղորդում չի:
Հետաքրքիր է՝ իսկ այդ պահին կամ տուն գնալիս նախարարը չկարողացա՞վ հիշել, որ դատավորներ Աննա Փիլոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Դավիթ Հարությունյանի դեպքում ևս կարծես թե որևէ մեկը գրավոր հաղորդում չէր ներկայացրել. վարույթները հարուցվել էին սեփական նախաձեռնությամբ, սեփական խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիմքով:
Այդ մասին նույնպես մենք հրապարակում կատարել ենք ժամանակին:
Թե՞ երբ շտապ պետք է իրենց չենթարկվող դատավորների լիազորությունները դադարեցնել, խոսնակը բոլորի ֆեյսբուքյան էջերը սանրում է, հետո զեկուցագիր է գրում, տալիս նախարարին, վերջինս էլ կարգապահական վարույթ է հարուցում, դե, իսկ հարազատ ընկերն էլ ամեն ինչ անում է՝ այդ դատավորին ամենախիստ պատժի ենթարկելու համար: Իսկ երբ ԱԺ-ում ելույթ է հնչում, դրանից առաջ բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ չեք կարող պատգամավորական երաշխավորություն ներկայացնել, որովհետև Հակակոռուպցիոն դատարանի ձեր հատընտիր դատավոր Դոլմազյանը այդ մասով ցնցող որոշում ունի կայացրած, պահանջվում է գրավոր դիմում:
Գրիգոր Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի համար, իհարկե, խնդիր չէ թաքնվել իրենց խոսնակ երիտասարդ կանանց հետևում ու նրանց անունից տեքստեր հրապարակել, սակայն չի կարելի ի լուր աշխարհի այդքան ճղճիմ ու ծիծաղելի լինել: