
Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացման հարցի քննարկումը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված հարցը հանվել է առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։
Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ասված է գրառման մեջ:
Փետրվարի 6-ի ասուլիսի ընթացքում Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի գնային փոփոխությունը նախատեսվում է կիրառել այս տարվա սեպտեմբերից: Նախագծի քննարկումը ներառված էր փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում: