«Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ 168.am-ի և Դավիթ Սարգսյանի» գործով նիստը կրկին հետաձգվեց
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստը կարճ տևեց: Նիստը կրկին հետաձգվեց, և հաջորդ նիստը կկայանա հունիս ամսին: Հայցվոր կողմը կրկին չէր ներկայացել դատական նիստին:
Հիեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am–ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am–ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:
Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան ՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:
Ավելին, Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի և դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը:
Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրողի ու լրատվամիջոցի գույքերի ու հաշվի վրա:
Այս մինչ օրս նախադեպը չունեցող խայտառակությունը դատապարտեցին բոլորը՝ քաղաքական-հասարակական գործիչներ, տեղական և միջազգային լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):
Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով:
Մանրամասները՝ տեսանյութում: