Մենք Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի ակնկալիք ունենք. Սեյրան Նիկողոսյան
Հայաստանի հրաձգության հավաքականը Օլիմպիական խաղերի մի քանի ուղեգիր ևս կարող է նվաճել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
«Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը սկսել են իրար լավ հասկանալ, նրանք դարձել են թիմ, գործում են ինչպես թիմ, և դա իր արդյունքը տալիս է։ Երբ նրանցից մեկն ինչ-որ պահի միավոր է կորցնում, մյուսն օգնում է բարձրանալ: Թեպետ ես մի քիչ դժգոհ եմ աշխարհի գավաթի վերջին խաղարկության արդյունքներից, քանի որ նրանք եզրափակիչում զիջեցին Հնդկաստանի թիմին, բայց նրանք ձևավորվում են որպես թիմ»,-ասաց Նիկողոսյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգի արդյունքները հեռանկարային կլինեն, սակայն խնդիր կա անհատական պայքարում, որը կարելի է լուծել առաջիկա մրցաշարերում:
«Եգիպտոսի աշխարհի գավաթի խաղարկությունում մեծ սպասելիքներ ունեի մեր մարզիկների անհատական պայքարից, սակայն բացթողումներ կային»,-առանձնացրեց նա:
Նիկողոսյանն ընդգծեց՝ եթե նախկինում տևական ժամանակ խնդիրներ կային զենք և զինամթերքի հետ կապված, որն էլ հանգեցնում էր մարզիկների անկայուն ելույթներին, հիմա այդ խնդիրն ինչ-որ չափով լուծված է․ պետական աջակցությունը մեծացել է:
«Օլիմպիական ուղեգրի ակնկալիքներ ունեմ նաև Բենիկ Խլղաթյանից: Նա հնարավորություն ունի քվոտա նվաճելու Եվրոպայի առաջնությունում և Ռիոյում ապրիլին կայանալիք հատուկ վարկանիշային մրցաշարում: Սպասելիքներ ունեմ նաև հրացան մրցաձևում հանդես եկող Հրաչ Բաբայանից: Մենք Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի ակնկալիք ունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հրաձգության նոր սերնդի մարզիկներին` մասնագետն ասաց.
«Հրաշալի պատկերացում ունենք ապագայի վերաբերյալ, գիտենք, թե ուր ենք գնում: Երիտասարդների մոտ աճը երևում է: Մի շարք երիտասարդներ հավաքականի հետ մեկնում են նաև ուսումնամարզական հավաքի»:
Վարվառա Հայրապետյան