Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը 135-օրյա հրադադար է առաջարկել՝ Իսրայելի ուժերի լիակատար դուրսբերման պայմանով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը առաջարկել է չորս ու կես ամսով հրադադար հաստատել Գազայի հատվածում, որի ընթացքում ազատ կարձակվեն բոլոր պատանդները, Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածից, և պատերազմին վերջ դնելու համաձայնություն ձեռք կբերվի։Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սա ՀԱՄԱՍ-ի պատասխանն է անցյալ շաբաթ Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բանակցությունների ընթացքում համաձայնեցված առաջարկին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Փարիզում համաձայնեցված հրադադարի առաջարկը ենթադրում է 6-շաբաթյա հրադադար, որի ընթացքում իսրայելցի պատանդները փուլ առ փուլ կփոխանակվեն Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ։

Իսրայելական Channel 13 լրատվամիջոցը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացրած պահանջներից մի քանիսն ընդունելի չեն Իսրայելի համար։ Իսրայելը նախկինում ասել էր, որ չի հանի իր զորքերը Գազայի հատվածից, մինչև չոչնչացնի ՀԱՄԱՍ-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում է, որտեղ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկում է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը։

Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը երաշխիքներ է պահանջել Կատարից, Եգիպտոսից և այլ բարեկամական պետություններից, որ հրադադարը կպահպանվի և չի դադարի, երբ պատանդներն ազատ արձակվեն։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում մնացած 136 պատանդներից 31-ը զոհվել են։ Նոյեմբերին կողմերի միջև տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում Իսրայելը վերադարձրել էր 110 պատանդի՝ նրանց դիմաց ազատ արձակելով 240 պաղեստինցի բանտարկյալների։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 27 708-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս